Հայաստանի բնապահպաններին զայրացրել է տոների նախաշեմին մայրաքաղաքի գլխավոր հրապարակում տեղադրված սաղարթախիտ Ամանորյա տոնածառը: Բնապահպանները նման տոնածառը և, ընդհանրապես, անտառահատումներից տուժած երկրում զարդարելու նպատակով ծառեր կտրելը շքեղություն են համարում:
Ըստ բնապահպանների` Հանրապետության հրապարակում տեղադրված Ամանորի գլխավոր եղևնին ոչ թե տոնածառ է, այլ «մահացած ծառ», և, որ նման վատնումը վկայում է Հայաստանում կանաչ տարածքների պահպանության հանդեպ անուշադրությունը:
Թեղուտի պաշտպանության խմբի անդամներից Մարիամ Սուխուդյանն ասում է, որ բնական եղևնու ու սոճու ճյուղերը ընդամենը մի քանի օր կզարդարեն Երևանը, որից հետո կվերածվեն աղբի:
«Անհեթեթություն է` երկրում ունենալ ընդամենը 6 տոկոս կանաչ տարածք, ու այդպես անխնա կտրատել»,- ասում է նա:
Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչությունից «ԱրմենիաՆաուին» տեղեկացրին, որ Երևանում այս տարի տեղադրվելու են երեք բնական եղևնիներ` Հանրապետության, Ֆրանսիայի, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանին հարող Ռուսաստանի հրապարակներում:
Քաղաքապետարանի մեկնաբանությամբ`եղևնիները զարդարվելու են սանիտարական էտումից առաջացած 4500-5000 սոճու ճյուղերից, այսինքն` ծառեր չեն կտրվելու, պարզապես էտելու են ծառերի ճյուղերը:
Երևանի քաղաքապետարանը մայրաքաղաքը զարդարող եղևնիների ճյուղերը պատվիրել է «Հայանտառ» ընկերությանը:
Ըստ «Հայանտառի» գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանի` սանիտարական հատումները կապ չունեն Հանրապետության հրապարակի եղևնու հետ: Հատուկ նպատակով էտումներ չեն կատարվել, և գլխավոր եղևնու տեղադրումը համընկել է իրենց էտումների հետ:
Ըստ Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության` էտված ճյուղերը բերվել են Հրազդանի (Կոտայքի մարզ) և Թումանյանի (Լոռու մարզ) շրջաններից, որոնք հարուստ են եղևնու և սոճու անտառներով:
Մարիամ Սուխուդյանը «ԱրմենիաՆաուին» ասում է. «Նրանք ամեն ինչ էլ կարող են ասել, մենք ինչպե՞ս կարող ենք ստուգել: Եթե այդքան թափանցիկ են աշխատում, թող կազմակերպեն բնապահպանների ու լրագրողների այցելությունը այդ վայրեր: Թող ցույց տան էտված ծառերը»:
Հրազդանի Օրհուսի կենտրոնի համակարգող Էդգար Ենգիբարյանը հատկապես վերջերս նկատել է, որ Հրազդանի տարածքում գտնվող երիտասարդ եղևնու անտառներում ծառեր են կտրվում:
«Ես հիմա ստույգ չեմ կարող ասել, թե ով է անում և ինչի համար, բայց փաստ է, որ վերահսկողությունը թույլ է, վատ է իրականացվում»,- ասում է Ենգիբարյանը «ԱրմենիաՆաուին»:
Հրազդանի տարածքում հիմնականում երիտասարդ եղևնու անտառներ են: Ենգիբարյանն ասում է, որ այդ անտառները էկոհամակարգ չեն ներկայացնում, որովհետև չեն էլ հասցնում վերարտադրվել, քանի որ շատ հաճախ են կտրվում:
«Ու այդ ամենը կատարվում է բոլորի աչքի առաջ: Ծառերը կտրելուց հետո կոճղերի վրա ցեխ են քսում` հետքերը կորցնելու նպատակով: Ցեխը տպավորություն է ստեղծում, որ դա վաղուց է կտրված: Ինչ վերաբերում է էտելուն, ասեմ, որ եղևնին ընդհանրապես չեն էտում»,- ասում է նա:
Սուխուդյանն ասում է, որ ստորագրահավաք են կազմակերպելու` ապացուցելու, որ հասարակությունը կողմնակից չէ բնական եղևնին որպես տոնածառ օգտագործելուն:
Այդուհանդերձ, չնայած բնապահպանների բարձրացրած աղմուկին, այս տարվա գլխավոր եղևնու բարձրությունը կլինի 29 մետր` նախորդ տարվա եղևնուց 3 մետրով ավելի: ԱՊՀ տարածքում այն կզիջի միայն Մոսկվայի գլխավոր եղևնուն, որի բարձրությունը 30 մետր է:
http://armenianow.com/hy/social/20055/new_year_tree_in_yerevan_worries_local_environmentalists
1 комментарий:
Ձեր բլոգի այս գրառումից մեջբերում է եղել «7օր բլոգ»–ի բլոգերի տեսության մեջ՝ համապատասխան հղումով։ http://www.7or.am/blog/?p=1679 Շնորհակալություն։
Отправить комментарий