пятница, 11 сентября 2009 г.

ԻՆՉՈ՞Ւ Է ԼՌՈՒՄ Հ1—Ը


Այս օրերի ամենաակտուալ թեման, հայ-թուրքական հարաբերություններից հետո, Նուբարաշենի թիվ 11 օժանդակ դպրոցի շուրջ բարձրացած աղմուկն է, որը դեռ երկար չի լռելու: Սակայն չնայած հանրության մեծ հետաքրքրությանը՝ Հանրային հեռուստաընկերությունը որեւէ ռեպորտաժ չի հեռարձակում թիվ 11 գիշերօթիկ դպրոցի գործի զարգացումների վերաբերյալ: Սա ավելի քան տարօրինակ է, որովհետեւ եթե դա լիներ ընդդիմության հանրահավաքը կամ ասուլիսը, կմտածեինք, որ վերեւից իջեցված պատվեր են կատարում, եւ նույնիսկ "կհասկանայինք" "Հայլուրի" լրագրողներին, որոնք չեն ուզում իրենց հացից զրկվել եւ դեմ գնալ իշխանությանը: Սակայն գիշերօթիկ դպրոցի թեման բոլորովին այլ է: Հասկանալի է, որ Հ1-ը, ինչպես արտակարգ դրության ժամանակ, այնպես էլ հիմա, չի ուզում եթեր հեռարձակել որեւէ միտք, որը հակասում է պաշտոնական տեղեկատվությանը, տվյալ դեպքում՝ ոստիկանության հաղորդագրությանը: Իսկ այդ հաղորդագրության համաձայն՝ երիտասարդ ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը սովորեցրել է Նուբարաշենի թիվ 11 դպրոցի նախկին սան Դ. Ա.-ին կեղծ տեղեկատվություն հաղորդել ուսուցիչ Լեւոն Ավագյանի մասին: Ընդ որում՝ Դ. Ա.-ի "կեղծ տեղեկությունները" եթեր են հեռարձակվել "Հայլուրով", եւ հենց Հ1-ի շնորհիվ է աղմուկ բարձրացել այս դպրոցի շուրջ: Փաստորեն, եթե Լեւոն Ավագյանին զրպարտել են, ապա դրա համար պատասխանատու է Հ1-ը: Նշենք, որ "Հայլուրը" եթեր է հեռարձակել Մարիամ Սուխուդյանի եւ նրա ընկերների նկարահանած տեսանյութը, որից հետո քրեական գործ է հարուցվել, եւ այժմ այդ գործը շրջվել է սեռական ոտնձգությունների մասին բարձրաձայնած երիտասարդների դեմ: Դրանից հետո "Հայլուրը" լռեց ու լռեց: Փողոցային ակցիաներ, հարցազրույցներ, մամուլի ասուլիսներ, բազմաթիվ հայտարարություններ. այս ամենն այլեւս չի հետաքրքրում Հ1-ին: Իսկ ինչո՞ւ: Միթե Ալիկ Հարությունյանին վախեցրել են: Կարծում ենք՝ ոչ: Ավելի հավանական է, որ Ալիկ Հարությունյանին վերեւից են զգուշացրել: Սակայն սա էլ նշանակում է, որ մանկապղծությունը պետականորեն հովանավորվում է մեր երկրում: Գուցե թիվ 11 գիշերօթիկ դպրոցի "երկարակյաց" տնօրեն Մերուժան Ենգիբարյանն է ազդել Հ1-ի ղեկավարության վրա: Մեր տեղեկություններով՝ Ենգիբարյանը բավականին ազդեցիկ "մեջք" ունի, որի շնորհիվ էլ նրան չեն հեռացնում նույնիսկ այն բանից հետո, երբ դպրոցի նախկին սաները պատմում են տնօրենի առանձնակի դաժանությամբ ծեծերի եւ խոշտանգումների մասին: Այնուամենայնիվ, ակնհայտ է մեկ բան. Մարիամ Սուխուդյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվելու է, եւ իրական մեղավորները պատասխանատվության են ենթարկվելու, իսկ Հ1-ը վերջնականապես կորցնելու է իր չունեցած հեղինակությունը, որովհետեւ նույնիսկ խոշտանգված ու առնվազն հոգեպես բռնաբարված երեխաների արդար բողոքը մինչեւ վերջ տեղ հասցնելու համարձակություն չունեցավ:
http://www.hraparak.am/hodvac.php?h_id=3352

Комментариев нет: