суббота, 12 сентября 2009 г.

ՇԻՐԻՆՅԱՆՆ ՈՒԶՈՒՄ Է ԴԱՌՆԱՆՔ ՔԱՂԱՔԱԿԻՐԹ ԵՐԿԻՐ, ՙՏԱՐԵԳԻՐԸ՚ ԲՌՆԱՆՈՒՄ Է

Կամավորականների խմբի ղեկավար Մարիամ Սուխուդյանի նկատմամբ Ոստիկանության հարուցած քրեական գործը՝ սուտ մատնության մեղադրանքով, վերջին մեկ ամսվա ընթացքում իր վրա է սեւեռել ԶԼՄ-ների եւ հ/կ-ների ուշադրությունը: Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ 2008թ. ապրիլ-հունիս ամիսների ընթացքում մի խումբ երիտասարդներ կամավորական հիմունքներով աշխատել են Նուբարաշենի թիվ 11 հատուկ գիշերօթիկ դպրոցում, որը ՄԱԿ-ի ՙ10 լավագույն դպրոց՚ ծրագրի շահառուներից էր: Ըստ Մարիամ Սուխուդյանի եւ կամավորականների խմբի հաղորդագրության՝ երիտասարդները մասնավորապես ահազանգել են, որ ուսուցիչներից մեկը սեռական ոտնձգություն է կատարել աշակերտների նկատմամբ: Եվ սա պատճառ է դարձել, որ Մարիամ Սուխուդյանին սկսեն հետապնդել՝ նրանից պահանջելով ստորագրություն քաղաքից չբացակայելու պայմանով:

Ի պաշտպանություն Մարիամ Սուխուդյանի՝ սեպտեմբերի 8-ին ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելություններին եւ միջազգային կազմակերպություններին, ողջ աշխարհի միջազգային կազմակերպություններին պահանջագիր են հղել հայաստանյան 20 հասարակական կազմակերպություններ:

ՙԳործի նախաքննությունն ուղեկցվել է ընթացակարգային պահանջների խախտումներով: Քրեական գործը հարուցվել է օրենքով նախատեսված ժամկետի կոպիտ խախտմամբ, որն արդարացված չէ: Այն հիմնված է միայն մեկ վկայի ցուցմունքի վրա, որն ուսուցիչների եւ ծնողների կողմից ճնշման ենթարկվելով՝ հարկադրաբար հետ է կանգնել իր սկզբնական ցուցմունքից: Մինչդեռ ամբողջովին անտեսվել է երկրորդ երեխայի ցուցմունքը:

Կամավորականները, որ ներգրավվել էին դատական գործընթացում, պատշաճ կերպով չեն ծանուցվել քրեական գործի մանրամասների վերաբերյալ: Նրանց հարցաքննություններն ուղեկցվել են հոգեբանական ճնշումներով եւ ոստիկանների ծաղր ու ծանակով:

Գործի հանդեպ կանխորոշված վերաբերմունքը գագաթնակետին հասավ ՀՀ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանի՝ ս.թ. օգոստոսի 21-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում, երբ նա ակնհայտորեն խախտեց անմեղության կանխավարկածի սկզբունքը՚,- նշված է պահանջագրում:
Երեկ պահանջագրում արծարածված հարցերի վերաբերյալ ՙՏարեգիրը՚ փորձեց պարզաբանումներ ստանալ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Սայաթ Շիրինյանից: Նրա հետ հարց ու պատասխանը ներկայացնում ենք բառացի:


- Պահանջագրում հիմնավորված է, որ Մարիամ Սուխուդյանի նկատմամբ հետապնդումն անարդարացի է: Ո՞րն է Ձեր հակափաստարկը:

- Հակափաստարկը կլսեք դատարանում: Մենք պարզաբանում տվել ենք, նախաքննության մարմինը մեզ բավականին ծավալուն տեղեկանք է ներկայացրել, որը որ հրապարակվեց: Հիմա ի՞նչ հիմքով պետք է դադարեցնենք. որ ինչ-որ մի քանի կազմակերպություններ, մարդ-կազմակերպություններ պահանջ են ներկայացնում, պիտի դադարեցնե՞նք: - Բայց պրն Շիրինյան, դրանք ինչ-որ, օդից վերցված կազմակերպություններ չեն, այլ՝ հասարակական-իրավապաշտպան կազմակերպություններ (նշում եմ մի քանիսի անունները):

- Ով ուզում է լինի, եթե մարդու իրավունքների պաշտպանություն ա կամ չգիտեմ ինչ ա, եթե իրա ձեռքի տակ ո՜չ նյութեր կան, ո՜չ բացատրություններ կան, ո՜չ ցուցմունքներ կան, որտեղից հանեցին, որ պնդում են, որ Ոստիկանությունը պիտի դադարեցնի: Մենք հիմա հավասար կարգավիճակներ ունենք. ինչպես դուք, էնպես էլ՝ ես: Նույն ձեւով էլ ինչ-որ անուններ եք տալիս՝ ինթերնեշնլ, չգիտեմ ինչեր, դրանք եթե ձեռքի տակ նյութեր չունեն, մենք ինչի՞ մասին ենք խոսելու: Մենք գիտե՞նք, թե էդ Սուխուդյանն էնտեղ ինչ բացատրություններ, ցուցմունքներ ա տվել:

Չգիտե՞նք, չէ՞: Չգիտենք, թե էդ երեխեքից ով ինչ բացատրություն ա տվել, ինչ ցուցմունքներ են տվել, ինչ կարգի նյութեր են նախապատրաստված, ինչ փորձաքննություններ են նշանակված, ինչ եզրակացություններ կան: Որ ոչ մի բան չգիտենք, ո՞նց ենք պահանջում, թե դադարեցրեք: Մարդու իրավունքների ոտնահարում. դե ներողություն էլի, եթե Սուխուդյանը գնում ա, սուտ մատնություն ա անում, բա էդ մարդկանց իրավունքները չի՞ ոտնահարում: Դա ձեր կողմից ճնշում ա իրավապահ համակարգի վրա:

- Բայց պնդումներ եղան, որ ցուցմունքները ճնշման տակ են կորզվել:

- Հենց դրա համար ձեզ ի սկզբանե ասացի, էդ ամեն ինչը կպարզաբանեք դա-տա-րա-նում: Նախաքննությունը կավարտվի, մեղադրական եզրակացությունը կհաստատվի, կուղարկվի դատարան, դատաքննության ընթացքում այդ կազմակերպությունները թող գնան, առավոտից իրիկուն թող նստեն, ինչքան որ դատական պրոցեսը կերկարաձգվի, ինչքան կտեւի, թող նստեն ու լուսաբանեն: Թող էն ժամանակ պահանջեն, արդարադատությունից թող պահանջեն էդ մարդու նկատմամբ մեղմ վարվել: Սա այլ խնդիր ա: Թող գնան, խնդրեն, դատարանի դուռը ընկնեն, չոքեն, խնդրեն, որ էդ մարդու նկատմամբ մեղմ վարվեն, բայց ոչ թե պահանջում ենք դադարեցնել նրա նկատմամբ քրեական հետապնդումը: Սա աբսուրդ ա: Ըտենց մարդիկ էլ մարդու իրավունքների պաշտպանության ինչ-որ կոմիտե եք ասում, ի՞նչ ասացիք, ինչ-որ անուններ եք տալիս...

- Բայց դրանք մի շարք կազմակերպություններ են, տասնյակը գերազանցող...

- Այ, դա ինձ չի հետաքրքրում, ուզում ա քսանը գերազանցի: Յուրաքանչյուր
իրեն հարգող կազմակերպություն էդպիսի հայտարարությամբ հանդես չի գա: Չի կարելի պարտադրել Ոստիկանությանը, իրավապահ համակարգին դադարեցնելու քրեական հետապնդումը: Ես նորից եմ ասում, գնացեք դատարան, դատարանում էդ մարդիկ թող խնդրեն-աղաչեն, որ էդ մարդու նկատմամբ մեղմ վարվեն: Բայց ոչ թե հանցագործի համար ինչ-որ կազմակերպություններ հավաքվեն... տեսել ենք մենք:

- Այդ կազմակերպությունները դիմել են ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելություններին, ողջ աշխարհի միջազգային կազմակերպություններին: Եթե դա լուրջ բան չլիներ, կգնայի՞ն նման քայլի:

- Ես ձեզ նորից եմ ասում: Ձեր ձեռքի տակ նյութեր կա՞ն:

- Պահանջագիրն է:

- Էդ պահանջագիրը զուգարանում կախելու թուղթ ա: Ո՞վ են դրանք, որ ինչ պահանջեն: Ձեր ձեռքի տակ նյութեր կա՞ն, բացատրություն, ցուցմունք ունե՞ք: Ես ձեզնից կարո՞ղ եմ պահանջել, որ էս նյութը Դուք չպետք է գրեք: Իրավու՞նք ունեմ էդպիսի բան անելու:

- Եթե զրպարտություն ենք գրում...

- Եթե զրպարտություն եք գրում, ես համապատասխան հերքումով հանդես կգամ, կդիմեմ դատարան: Բայց ոչ թե պահանջում ենք: Ուր ուզում եք՝ գնացեք դիմեք: Տեսնում ենք, քրեական հանցագործներին բռնում են, մարդ-կազմակերպությունները հավաքվում են, ասում են, մենք բողոքում ենք, ուզում ենք, որ նրան ազատեն: Է, դե լավ էլի, հասկացանք: Երկի՞ր եք ուզում կառուցել վերջին հաշվով, պետություն ենք մենք: Չի կարելի տարբեր երկրների նայել, ասել՝ քաղաքակիրթ երկրների օրինակով... Քաղաքակիրթ երկիր ենք ուզում դառնալ, ինչի՞ եք դուք բռնանում:

ԹԱԳՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

http://www.taregir.am/am/news/10_09_2009/4/810

Комментариев нет: