пятница, 11 сентября 2009 г.

Սփիլբերգի դափնիները Ենգիբարյանին հանգիստ չեն տալիս

09 Սեպտեմբեր [18:09] / ԱԶԱՏ ԽՈՍՔԻ ՏԻՊ

Երբ Նուբարաշենի թիվ 11 օժանդակ դպրոցում աշխատած երիտասարդները դպրոցի տնօրենին եւ ուսուցիչներին հայտնել են, որ երեխաները պատմում են Լեւոն Ավագյանի կատարած սեռական ոտնձգությունների մասին, դպրոցի անձնակազմը պատասխանել է, թե երեխաները սերիալներ շատ են նայում եւ շատ վառ երեւակայություն ունեն, ուստի ոչ թե Ավագյանն է մանկապիղծ, այլ երեխաները հիվանդ երեւակայություն ունեն: Վերջին զարգացումները ցույց տվեցին, որ "հիվանդ" երեխաների հետ շփումը դպրոցի տնօրեն Մերուժան Ենգիբարյանի վրա բացասական ազդեցություն է թողել, նրա մոտ էլ են ի հայտ գալիս հիվանդ երեւակայության տարրեր: Բայց այդ ազդեցությունը նա աշխատում է ստեղծագործական հուն մղել, եւ եթե այսպես շարունակվի, ապա սցենարներ մոգոնելու տաղանդով նա կգերազանցի անգամ հոլիվուդյան հայտնի դեմքերին: Հիշեցնենք, որ սույն տնօրենը, աշակերտների պատմելով, տարիներ շարունակ մասնագիտացել է "անչափահաս" ծեծելու մարտարվեստում: Բայց այս տարվա ավարտական հանդեսի նրա սցենարը "թարախ լրագրողի այցը "բարի ուժերի" հատուկ դպրոց" թեմայով գերազանցեց բոլոր սպասումները: Իսկ "Ազատություն" ռադիոկայանի թղթակցի հետ զրույցի ընթացքում նորահայտ Սփիլբերգն ավելի ցնցող գաղափար է երկնել, ինչը եւ հեռարձակվեց երեկվա թողարկման ժամանակ: Ըստ Ենգիբարյանի՝ "Հայլուրի" նախկին թղթակից, "Հրապարակի" լրագրող Սյուզան Սիմոնյանը երիտասարդ ակտիվիստ Արմանի հետ գնում է դպրոցի նախկին սաների տուն: Արմանը խոստանում է ամուսնանալ աղջիկներից մեկի հետ, եթե նա պատմի "իրենց ուզածը": Աղջիկը, "չդիմանալով տղայի գայթակղությանը", ստել է՝ ասելով, թե հայոց լեզվի եւ գրականության մաքրամաքուր ուսուցիչ Լեւոն Ավագյանը ձեռ-մեռ է գցել իրեն եւ մյուս աշակերտուհիներին: Անլուրջ է նման հեղինակավոր սցենարիստի դեմ դուրս գալը: Հիշեցնենք միայն, որ Լեւոն Ավագյանի անառակաբարո գործողությունների մասին լրագրող Սյուզան Սիմոնյանին պատմել են ոչ թե մեկ, այլ դպրոցի նախկին երեք սաներ: Ենգիբարյանի սյուժեով ստացվում է, որ լրագրողը երիտասարդին տարել է իր հետ բոլոր նկարահանումներին եւ աղջիկներին գայթակղելով՝ ստացել իրեն ցանկալի հարցազրույցները: Բայց դա մանրուք է եւ չի կարող հիասթափեցնել գրոտեսկին սովոր հոլիվուդյան հանդիսատեսին:

Комментариев нет: