Երեւանի փողոցներում, տեսնելով «Ռիկշա» հեծանվակառքը, ոստիկանները սկզբում տարակուսում են, հետո լայն ժպտում ու ձեռքով ողջունում հեծանվորդին: Արտասահմանյան մակնիշի մեքենաների շարքում կապույտ եւ դեղին գույնի հեծանվակառքն ավելի շատ ընկալվում է որպես զվարճանք, քան փոխադրամիջոց
Ավանդական «Ռիկշան» երկու անիվ եւ հետեւում նստատեղ ունեցող կառք է, որի շարժող ուժը մարդու մկաններն են: Այս փոխադրամիջոցն ամենաշատը տարածված է Արեւելյան եւ Հարավային Ասիայում, սայլակի վարորդին նույնպես անվանում են «ռիկշա»:
Հայկական «Ռիկշա-հեծանվակառքի» պատրաստողն ու առայժմ միակ շահագործողը 27-ամյա հեծանվորդ Սամվել Հովհաննիսյանն է: Նա որոշեց իրագործել այդ գաղափարը` լսելով Հնդկաստանից վերադարձած իր ընկերներից մեկի պատմածները: Քանի որ Սամվելն աշխատում է հեծանիվների նորոգման արհեստանոցում, հայկական «Ռիկշան» նախագծվեց եւ պատրաստվեց տարբեր տեսակի եւ արտադրության հեծանիվների մասերի համադրությամբ:
«Ռիկշայի» առաջամասում գրված են երեք տառեր՝ «ՀՎԶ»` Սամվելի հոր եւ հեծանվի արհեստանոցի հիմնադրի անվան սկզբնատառերն են: «Հենրի Ֆորդի նման»,- կատակում է Սամվելը:
«Ռիկշայի» նախագծողը հավաստիացնում է, որ եթե միայն վարորդը նստի ղեկին, ապա մեքենան կարող է զարգացնել մոտ 35 կմ/ժ արագություն: Սամվելն այն պատրաստել է երկու ամսում` այս գործին տրամադրելով իր ազատ ժամանակը:
Հիմա նա ուզում է զբաղվել ռիկշաների «արտադրությամբ»: Սամվելի ընկերներն օգնում են նրան դիմել տարբեր տուրիստական գործակալություններ եւ հյուրանոցներ, որոնք կցանկանան իրենց հյուրերին առաջարկել նաեւ համեմատաբար մատչելի եւ էկոլոգիապես մաքուր փոխադրամիջոց:
Երեւանի առաջին հեծանվային ռիկշան առայժմ քարոզում է բնության պահպանությունը` «Սեւանա լիճ, ոչ թե ճահիճ» եւ «Փրկենք Թեղուտը» կոչերով պատված մեքենան միայն ժպիտ է առաջացնում մարդկանց մոտ:
«Մարդիկ զարմացած նայում են, ողջունում, բացականչում, ազդանշան են տալիս: Այս մեքենայով ես նաեւ շփվում եմ անցորդների հետ: Անծանոթ մարդիկ, կարդալով բնության պահպանության կոչերը, անպայման աչքերով վարորդին են փնտրում եւ ժպտում` որպես համաձայնության նշան»:
Սամվելն ու նրա ընկերները հիմնականում երկականի հեծանվով են երթեւեկում, բայց հետաքրքիր միջոցառումների կամ ծննդյան տոնին հանդիսավորություն տալու համար գնում են «Ռիկշայով»:
Սամվելն ու նրա ընկերները հիմնականում երկականի հեծանվով են երթեւեկում, բայց հետաքրքիր միջոցառումների կամ ծննդյան տոնին հանդիսավորություն տալու համար գնում են «Ռիկշայով»:
«Ռիկշան» միշտ առաջնորդում է նաեւ հեծանվորդների շքերթը, որն ամեն կիրակի կազմակերպում են Երեւանի սակավաթիվ հեծանվորդները` հեծանիվներով շրջելով Երեւանի փողոցներում կամ գնալով որեւէ մարզ` արշավի:
«Մենք մեր արշավների միջոցով քարոզում եւ մարդկանց տեղեկացնում ենք Հայաստանի էկոլոգիական խնդիրների մասին»,- ասում է Հնդկաստանից «Ռիկշայի» գաղափարը բերած Մարիամ Սուխուդյանը:
Նրա պատվին էլ հայկական «Ռիկշան» կրում է «Արքայադուստր Մարիամ» անունը:
Սամվելը միայն շատ է սրտնեղում, որ մեր քաղաքում հեծանիվներով երթեւեկելու մշակույթ չկա: Նա պատմում է, որ իր արհեստանոցը նաեւ հեծանվորդների հավաքատեղի է, որտեղ այդ փոխադրամիջոցը նախընտրող մարդիկ պատմում են, թե ինչպես վարորդները հաճախ ճանապարհ չեն տալիս, չկան հեծանիվների համար հարմար կայանատեղիներ:
«Շատերը գիտեն Սամվելի արհեստանոցի մասին, բայց ակտիվ քշողները քիչ են: Երբեմն մարդիկ ամաչում են հեծանիվ քշել: Ասում են՝ մեծ մարդ եմ, ո՞նց հեծանիվ քշեմ: Բոլորը մանկուց երազում են մեծանալ եւ մեքենա քշել»,- հայկական մտածելակերպի տարօրինակության մասին է պատմում հեծանվորդներից մեկը, որը եկել էր արհեստանոց:
Հեծանվորդին ճանապարհ արգելող կամ թույլատրող նշան Երեւանի փողոցներում համարյա չկա կամ ընդհանրապես չկա: Հիմա Սամվելն ու նրա ընկերները որոշել են դիմել Երեւանի քաղաքապետարան` առաջարկելով փողոցներում ավելացնել նաեւ հեծանվորդին եւ, ո՞վ գիտի, գուցե հետագայում նաեւ՝ հեծանվառիկշայի վարորդներին վերաբերող երթեւեկության նշաններ:
Комментариев нет:
Отправить комментарий