вторник, 23 декабря 2008 г.

Գործազրկությունն աճում է, իսկ քաղաքապետարանն ավելացնում է վարձավճարները

Ալավերդու համայնքի ավագանու 13. 08.2008թ.-ի արտահերթ նիստի թիվ 33 որոշմամբ համայնքի սեփականություն հանդիսացող կազմակերպություններում սահմանվել են վարձավճարների նոր դրույքաչափեր:

Ըստ այդ դրույքաչափերի` 2009 թ. հունվարի 1-ից քաղաքի նախադպրոցական հիմնարկների ծնողների կողմից վճարվող վարձը սահմանվել է 4000 դրամ` նախկին 3000-ի դիմաց, 500-ական դրամներով ավելացել են նաեւ քաղաքի երաժշտական եւ արվեստի դպրոցների վարձերը:
տպել


Թեեւ որոշումն ընդունվել է օգոստոսին, սակայն Ալավերդու բնակչությունը որոշման մասին տեղական հեռուստատեսության եթերից տեղեկացավ օրերս:

Ալավերդու քաղաքապետարանի 2008թ. բյուջեի ծախսային մասում երկու մսուրային եւ 12 մանկապարտեզային խմբերով գործող 6 մանկապարտեզներին 20 մլն դրամ է հատկացվել երեխաների սննդի համար: Բացի այդ, քաղաքապետարանը առողջապահական ծրագրով ՀՀ կառավարության կողմից քաղաքապետարանին հատկացված բնապահպանական 27 մլն դրամ սուբվենցիայից 5 մլն դրամ լրացուցիչ հատկացրել է նախադպրոցական հիմնարկներում երեխաներին վիտամիններով հարուստ սնունդ տալու համար, «Մանես» հիմնադրամի կողմից 2008 թ. 400 հազար դրամ է հատկացվել 130 անապահով ընտանիքների երեխաների մանկապարտեզների վարձերը փոխհատուցելու համար: Հիմնադրամի տնօրեն Ավետ Թամազյանը հայտնեց, որ 400 հազար դրամ կհատկացվի նաեւ 2009-ին, որով վարձավճարների թանկացման պատճառով կփոխհատուցվի ոչ թե 130, այլ 110 երեխաների վարձեր:

Սրանով հանդերձ` ավագանու որոշումն ալավերդցիների մոտ զարմանք է առաջացրել եւ համարվում է ժամանակավրեպ` կապված ֆինանսական եւ տնտեսական ճգնաժամի հետեւանքով Ալավերդու «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության կողմից հանքերի եւ ֆաբրիկայի` աշխատանքից արդեն կրճատված 250 բանվորների, հունվարի 12-ից սպասվող` ընկերության եւս 250 աշխատողների կրճատման եւ, այսպիսով, քաղաքում ավելի քան 500-ով գործազուրկների թվի ավելացման պայմաններում:

Քաղաքապետ Արթուր Նալբանդյանը օրերս Ալավերդու հեռուստատեսության եթերից մանկապարտեզների վարձերի ավելացման պատճառների մասին բնակչությանը որեւէ մեկնաբանություն չտվեց, փոխարենն ասաց. «Հազար դրամ դե՞սը, թե՞ դենը»: Այսինքն` 1000 դրամի եղածը մեծ բան չէ, մինչդեռ գործազուրկ դարձած եւ սոցիալապես էլ ավելի անապահով շատ ալավերդցիներ մտահոգված են, թե կարո՞ղ են, արդյոք, նոր տարում իրենց երեխաներին ուղարկել մանկապարտեզ:

Համայնքի ավագանու անդամ Ռուզաննա Միրզոյանը, ով ավագանու արտահերթ նիստում կողմ է քվեարկել որոշմանը, մեզ բացատրեց. «Այո, որոշմանը կողմ եմ քվեարկել, եւ քվեարկելիս ի նկատի եմ ունեցել մանկապարտեզներում սպասարկման որակի բարձրացումը, ժողովրդի աշխատավարձի աճի վերջին միտումը եւ ընդհանրապես կյանքի փոփոխությունը»: Երբ Ռուզաննա Միրզոյանին հիշեցրինք գործազուրկների թվի աճի մասին, նա պատասխանեց. «Ի՞նչ ասեմ, ամեն ինչը հաշվի է առնվել, էն աստիճանի չի բարձրացվել, որ որեւէ աստիճանի որեւէ գրպանի խփի, չբարձրացնելու ուրիշ տարբերակ չկար»:

Նշենք, որ Ալավերդու մանկապարտեզների շատ խմբերում երեխաների թիվը նախատեսված 25-ի փոխարեն հասնում է 40-ի, իսկ քաղաքի Փիրուզյան եւ Էնգելս թաղամասերի նախադպրոցական տարիքի երեխաները վերջին 5-6 տարիներին առհասարակ զրկվել են մանկապարտեզ գնալու իրավունքից, քանի որ Ալավերդու ներկա եւ նախկին քաղաքապետերը «ջրի գնով» վաճառել են այս թաղամասերի մանկապարտեզների տիպային շենքերը:

Ալավերդու հիմնական աշխատուժը տեղավորված էր «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերությունում: Ինչպես տեղեկացանք ընկերության արդեն կրճատված բանվորներից, ընկերությունը Ալավերդու իր այլ արտադրամասերում 25 հազար դրամ աշխատավարձով աշխատանքի է տեղավորել հանքերից եւ ֆաբրիկայից կրճատված 20 բանվորների, 80 բանվորների տեղափոխել է Ղարաբաղի «Դրմբոնի» հանքերում 57 հազար դրամ աշխատավարձով աշխատելու:

Ստեղծված իրավիճակում Ալավերդիում ժողովրդի աշխատավարձի աճի եւ ընդհանրապես կյանքի դրական փոփոխության մասին խոսելը, մեղմ ասած, անհեթեթություն է: Ալավերդու թիվ 1 մանկապարտեզի վարիչ Աիդա Պապոյանը մեզ հայտնեց, որ իր ղեկավարած մանկապարտեզի 37 ծնողներից դեռեւս ոչ մեկը ծնողական վարձավճարների բարձրացման համար իրեն չի դժգոհել:

Այս կապակցությամբ Ալավերդու փողոցներում մեր կատարած հարցումների ժամանակ ալավերդցի Կարինե Դավթյանն ասաց. «Թոռնիկս հաճախում է թիվ 14 մանկապարտեզը, տղայիս հետ մեկ ընտանիք ենք, 5 անձ ենք, եւ ոչ մեկս չենք աշխատում, մանկապարտեզի բարձրացված վարձը բա ո՞նց կարող է չազդել ընտանեկան բյուջեի վրա, դժվար է, կարող է եւ մանկապարտեզից ետ գցենք երեխային, տեսնենք»:

Մարինե Մխիթարյանն էլ, ում երեխան կրկին թիվ 14 մանկապարտեզն էր հաճախում, ասաց. «Վարձավճարների բարձրացումը բա ի՞նչ է անում, որ չի խփում իմ ընտանեկան բյուջեին, անպայման է խփում, երկու երեխա ունեմ, ամուսինս էլ, կարելի է ասել, էստեղ չի: Վարձավճարը մուծելու եմ դժվարությամբ, բայց դե ի՞նչ կարող եմ անել»:

Այսուհանդերձ, թերեւս իրատեսական էր թիվ 11 մանկապարտեզի վարիչ Լաուրա Ավագյանի մեկնաբանությունը. «Երեխաների հաճախումների վրա վարձավճարների թանկացման ազդեցությունների մասին կարող եմ ասել տոներից հետո, նոր գներով մանկապարտեզ երեխաների հաճախումները դիտարկելուց հետո»:

Հ.Գ. Հունվարի 1-ից Ալավերդու ճոպանուղու 50 դրամ գնի թանկացման մասին օրերս ազդարարեց նաեւ «Մանես» ՓԲԸ-ի տնօրեն Աղվան Հովհաննիսյանը:

Комментариев нет: