Լեռնաձոր գյուղում (Սյունիքի մարզ) ապրող այս երկու 7- ամյա աղջիկներն այն հինգ երեխաներից են, ում մազերում հայտնաբերվել են ծանր մետաղների մի ամբողջ փունջ: Նույնատիպ մետաղների հավաքածու է հայտնաբերվել նաեւ Քաջարանում հետազոտության ենթարկված 12 երեխաների մազերի նմուշներում:
Նրանց մազերի հետազոտությունների արդյունքներն ամփոփված են «Քաջարան քաղաքի շրջակա միջավայրի վիճակի էկոլոգաերկրաքիմիական գնահատում» ուսումնասիրության մեջ (2008թ.): Ուսումնասիրությունն իրականացրել է ՀՀ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնը Քաջարանի քաղաքապետարանի պատվերով: Այս հետազոտության նպատակն էր գնահատել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» ազդեցության ոլորտում գտնվող Քաջարանի տարածքի էկոլոգիական իրավիճակը:
Լեռնաձոր գյուղը Քաջարան քաղաքին ամենամոտ գտնվող գյուղերից մեկն է: Հետազոտության համար ընտրվել են դպրոցական տարիքի 5 երեխաներ: Սնդիկ հայտնաբերվել է հետազոտված հինգ երեխաներից երկուսի մազերում, որոնցից միայն մեկ երեխայի մազերում է գրանցվել նորմայից 7.5 անգամ գերազանցում: Կադմիում հայտնաբերվել է հետազոտվող բոլոր երեխաների մազերում, որոնցից երկուսի մոտ գրանցվել է նորմայից 1.6 անգամ գերազանցում, մեկի մոտ` 2.2 անգամ:
Հինգ երեխաներից միայն մեկի մոտ է մկնդեղ հայտնաբերվել` նորմայից 3 անգամ գերազանցումով: Պղինձ, կապար, նիկել հայտնաբերվել է բոլոր երեխաների մազերի նմուշներում: Մոլիբդեն հայտնաբերված չէ: Էվելինա Ղուկասյանն այն փորձագետներից մեկն է, ով մասնակցել է հետազոտություններին: «Սկզբում ուսումնասիրվեցին երեխաների մազերն ու եղունգները, սակայն թունաբաններն ասացին, որ այդ ցուցանիշները բավարար չեն օրգանիզմի վիճակի մասին խոսելու համար: Սակայն, մազերում եւ եղունգներում մետաղների երբեմն գերազանցող պարունակությունները լուրջ պատճառ դարձան ուսումնասիրությունները շարունակելու եւ արյան ու մեզի լրացուցիչ հետազոտություն անելու համար»,- ասում է փորձագետը:
Քանի որ մետաղների գերազանցող պարունակություն հիմնականում եղել է Քաջարանի երեխաների մազերի նմուշներում, առաջին հերթին ուսումնասիրվել է նրանց արյունը եւ մեզը: Արյան եւ մեզի նմուշները հետազոտվել են ՀՀ ԳԱԱ էկոլոգոնոսֆերային հետազոտությունների կենտրոնում: Կենտրոնի տնօրեն Արմեն Սաղաթելյանը հայտնեց, որ հետազոտված երեխաների (մոտ 43 տոկոս) արյան մեջ հայտնաբերվել է բավականին բարձր կապարի պարունակություն, իսկ 3 տոկոսի մոտ առկա է տոքսիկացիա: Կապարի բարձր պարունակությունն օրգանիզմում ազդում է նյարդային համակարգի վրա, կարող է առաջացնել մտավոր թերզարգացվածություն, տեսողության, լսողության եւ խոսքի խախտումներ, ազդում է նաեւ երիկամների եւ ստամոքսի, նյութափոխանակության համակարգերի վրա: Հայտնի է, որ օրգանիզմում պղնձի բարձր պարունակությունը թույն է: Եթե մետաղի պարունակությունը օրգանիզմում երկար ժամանակ բարձր է մնում, կարող են զարգանալ ուռուցքներ: Մետաղն ախտահարում է նյարդային համակարգը, երիկամները, լյարդը: Կադմիումի բարձր պարունակությունն առաջացնում է կմախքի տձեւացում, թոքերի ախտահարում: Այս մետաղների` օրգանիզմ թափանցելու ուղիները բազմաթիվ են` հողը, ջուրը, օդը եւ ընտանի կենդանիները: Օրինակ` Լեռնաձորի եւ Քաջարանի միջեւ ընկած տարածքում է գտնվում 1977թ. հողով ծածկված Ողջի պոչամբարը, որտեղ տասնյակ տարիների ընթացքում հավաքվում էին պղնձամոլիբդենային կոմբինատի թափոնները: Պոչամբարը տեղակայված է Ողջի գետի ողողահունում: Այն զբաղեցրած մակերեսով (70 հա) ամենամեծն է: Ուսումնասիրության համաձայն` Ողջիի հողագրունտում հայտնաբերվել է Mo-ի (մոլիբդեն) եւ Cu-ի (պղինձ) բարձր խտություններ: Հաստատվել է նաեւ խտությունների աճման միտում` ըստ խորության: Լեռնաձորի գյուղի կովերը (մոտ 250 գլուխ) արածում են այս պոչամբարի տարածքում: Պոչամբարի տարածքի խոտաբույսերում մի շարք տոքսիկ տարրերի բարձր պարունակությունների հայտնաբերումից հետո ուսումնասիրվեց նաեւ Լեռնաձորի 3 խմբի կովերի կաթը: Կաթի պարունակության մեջ գրանցվել է Pb-ի (կապար), As-ի (մկնդեղ), Hg-ի (սնդիկ) գերազանցումներ:Այդ պոչամբարի տարածքում գյուղացիներն աճեցնում են բանջարեղեն: Առավել աղտոտված են սամիթը, լոբին եւ կարտոֆիլի պալարները` մոլիբդենով եւ պղնձով:
Եզրակացության մեջ գրված է, որ գործնականում բոլոր մշակաբույսերը կուտակում են ծանր մետաղների բարձր խտություններ եւ պիտանի չեն օգտագործման համար: Լեռնաձորի համայնքապետ Ստեփան Պետրոսյանի հետ զրույցից պարզվեց, որ նա գիտի, որ կովերի արածեցումն ու գյուղմթերքի աճեցումն այդ տարածքում արգելվում է, սակայն ո՛չ տեղական, ո՛չ մարզային իշխանությունները մինչեւ հիմա կանխարգելման միջոցառումներ չեն ձեռնարկել:
«Շրջակա միջավայրի պահպանության գործողությունների ծրագրով մենք նախատեսել ենք ցանկապատել եւ կանաչապատել պոչամբարների տարածքները»,- ասում է Քաջարանի քաղաքապետ Վարդան Գեւորգյանը: Այդ միջոցառումները նախատեսված են 2009- 2012թթ. ընթացքումՄասնագետներն ուսումնասիրության մեջ նշել են, որ պոչամբարները հողով ծածկելը ոչ միշտ է նպաստում հողաբուսածածկ համալիրի վերականգնմանը: Պոչամբարների մակերեւույթն այսօր էրոզացված է, որի հետեւանքով պոչամբարների նյութում առկա ծանր մետաղներն ակտիվորեն ենթարկվում են միգրացիայի եւ աղտոտում էկոհամակարգի բաղադրիչները:
Комментариев нет:
Отправить комментарий