четверг, 22 октября 2009 г.

Հայի գենը գերծանրաբեռնված է


Կապանի տարածքը թունավորված է, էկոլոգիական վիճակը ծանր, եւ օդը աղտոտված է: Այդ մասին «Ա1+»-ին հայտնեց «Էկոլուր» տեղեկատվական կազմակերպության նախագահ Ինգա Զարաֆյանը:

Նրա խոսքերով' հողի, ջրի եւ սննդամթերքի մեջ հայտնաբերվել են թունավոր ծանր մետաղներ: Նույնիսկ մի քանի էլեմենտներ են հայտնաբերվել, որի կոնցենտրացիան ոչ թե տաս անգամ, այլ հարյուր անգամ գերազանցում է նորման: Այդ թունավոր նյութերը չեն քայքայվում, դրանք կուտակվում են ջրում, հողում եւ ամենակարեւորը մարդկային օրգանիզմի մեջ: «Սա ազդում է առողջության ամենակարեւոր համակարգերի' իմունային եւ գենոֆոնդի վրա»- ասում է նա:

Կապան համայնքի ներկայացուցիչները' ի դեմս «Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» ՀԿ-ն շատ անհանգստացած են Կապանի հետ կապված էկոլոգիական խնդիրներով: Այդ առթիվ էլ այսօր ՀԿ-ն նամակ է տարածել:

«Մենք անհանգստացած ենք, որ չունենք «Deno Gold Mining» ընկերության գործունեության վերաբերյալ ստուգումների արդյունքները, որոնք կատարվել են 2007-ից 2008 թվականներին Բնապահպանության նախարարության եւ Սյունիքի բնապահպանական տարածքային տեսչության կողմից:

Սակայն մինչ օրս պատասխան չենք ստացել: Ընկերությունը շարունակում է Կապանի տարածքները աղտոտել հարյուր հազարավոր խմ դատարկ ապարներով եւ թափոններով»,- նշված է նամակում:

Ինգա Զարաֆյանի խոսքերով' տեղի բնակիչները որեւէ փոխհատուցում չեն ստանում, թեեւ պոչամբարը բաց է, իսկ դրա կողքին շարված են տները:

Կապանցիները ոչ մի փոխհատուցում չեն ստացել, թեեւ օդի թունավորումից անասուններն են սատկել եւ երեխաների մաշկն է պլոկվել:

Ինգա Զարաֆյանն ասում է, որ արդյունքների տրամադրումից հետո նրանք կկարողանան Կապանի բնակչության իրավունքները պաշտպանել:

Իսկ թե ինչո՞ւ Բնապահպանության նախարարությունը չի ներկայացնում փաստաթղթերը, Ինգա Զարաֆյանը չգիտի: «Նրանք ուղղակի լղոզված ձեւով են ամեն ինչ ներկայացնում»:

Բնապահպանի խոսքերով' չնայած բազմաթիվ խնդիրներին, մենք կորցնում ենք մեր երեխաների ապագան, քանի որ գենոֆոնդը քայքայվում է:

WATCH ON YOUTUBE
http://www.youtube.com/watch?v=Jl5fs7U0vno&feature=player_embedded

Комментариев нет: