Բազմոցին նստած Վարուժը ոտքերը երկարացնելով` ձգեց ներք-, Լաուրան ամուր գրկեց նրան եւ կտրելով բազմոցից՝ իրենից 20 կգ-ով ծանր տղամարդուն, զգույշ նստեցրեց հաշմանդամի սայլակին:
Վարուժը 80 կգ է, իսկ Լաուրան 60կգ:
50-ամյա Վարուժան Բաբայանը հաշմանդամ է եւ մոտ 20 տարի ապրում է Լաուրայի ու Մարթայի հետ նույն հարկի տակ՝ սովետմիությունում հայտնի Կիեւյանում գտնվող ՊՏՈՒ-ի թիվ 10 ուսումնարանի շենքում:
Վարուժը հաշմանդամ է դարձել 14 տարեկանում: «Սկզբից խոսակցությունս դանդաղեց, հետո սկսեցի հարբածի պես ճոճվել, - հազիվ լսելի ձայնով, մագնիտոֆոնի ծամված ժապավենի պես բառերն արտաբերեց Վարուժանը, - սկզբից մի հոգու հետ էի քայլում, հետո` էրկու, հետո էլ նստեցի ու նստեցի»:
Մարթան ասում է, որ Վարուժանի գեների մեջ այդ հիվանդությունը եղել է. «ողնուղեղի հետ կապված հիվանդություն է, ախպերն էլ նույն ձեւի հիվանդ էր ու մեռավ»:
Մարթա Ժակեւիչն ու Լաուրա Արթոյանը երկու ընկերուհիներ են, ովքեր հայտնի են դարձել Նուբարաշենի թիվ 11 օժանդակ հատուկ դպրոցի բարքերը բացահայտելով (տես` «Դպրոց ուր փոքրիկ աղջիկներին բռնաբարում էին», «Անկախ» թիվ 17), իրենց ընկերությունը հիշում են դեռ Գյումրիի մանկատանից, որտեղից տեղափոխվել են Շահումյանի մանկատուն, հետո էլ միասին հայտնվել են Նուբարաշենի թիվ 11 օժանդակ հատուկ դպրոցում, որը նախատեսված է մտավոր խնդիրներ ունեցող երեխաների համար:
Մարթան ազգությամբ ուկրաինուհի է, ծնողներ ունեցել է, որոնք նրա ասելով. «երեւի մինչեւ հիմա էլ կան»: Մարթան ասում է, որ իր ականջին խոսակցություններ են հասել, որ իր ծնվելուց անմիջապես հետո՝ բուժքույրերից մեկը ծնողներին ասել է, որ ինքն արատով է ծնվել. «Դրա համար իրանք ինձ թողել են, փոքր վախտս մեկ-մեկ ինձ եկել-տեսել են, բայց էդ շատ շուտ էր, ու իրանց էլ չեմ տեսել», - ասում է Մարթան:
Դպրոցն ավարտելուց հետո՝ 1990թ, պետությունը երկու ընկերուհիներին բնակարան է հատկացնում արդեն հանրակացարան դարձած շենքում: 28 քառակուսի մետր բնակելի մակերեսով փոքրիկ մի բնակարան է` իր խոհանոցով ու սանհանգույցով:
Հենց այստեղ էլ նրանք ծանոթացել են Վարուժի հետ, նա Կիեւյանում էր մեծացել եւ այդ շենքում շատ ծանոթ ընկերներ ուներ: Վարուժը ապահովված ընտանիքից էր. մայրը՝ Լիդա Մովսիսյանը բժշկուհի էր, հայրն էլ սեփական բիզնես ուներ: Ընտանիքում երեք տղա զավակ էին: Վարուժի ծնողներն արդեն մահացել են, մահացել է նաեւ միջնեկ եղբայրը՝ Վիգենը: Իսկ ավագ եղբայրը` Արամը, ապրում է Ֆրանսիայում եւ օգնում է եղբորը:
Մարթան ասում է, որ Վարուժի մայրն իր համար մայր է եղել: «Մեզ ասում էր. ինձ ասեք մամա, - հիշում է Մարթան, - ես իրա նման ծնող չեմ տեսել, էնքան որ նվիրված էր իրա էրեխեքին: Հետո շատ մարդկային էր. կաստուրկով ճաշ կեփեր, կբերեր մեր հանրակացարանի էրեխեքին կուտացներ»:
Ընկերուհիներն ընկերանում են Վարուժի հետ ու դառնում նրա խնամակալը: Երկուսն էլ ամուսնացած չեն: Իրենց անձը նվիրել են Վարուժին: «Թող Վարուժս լավ ըլնի, Մարֆուլս լավ ըլնի, մնացածը հեչ, - Վարուժի շուրջը պտտվելով, կրկնում է Լաուրան, - Աստված հասնողին ա հասնում, օգնողին ա օգնում»:
Մարթան ասում է, որ թեպետ Վարուժը գամված է սայլակին ու դժվար է խոսում, սակայն ամեն ինչից լավ հասկանում է. «Ինքը շատ կարդացած տղա ա, ուղեղն էլ կալկուլյատորի պես աշխատում ա»:
Վարուժը սայլակով շրջում է բակում, շփվում հարեւանների հետ, որոնք նրան տասնյակ տարիներ ի վեր ճանաչում են: Իսկ մտքերը մահվան շուրջ են: «Առավոտից իրիգուն տելեվիզր եմ նայում ու մտածում եմ, երբ պտի սատկեմ», - ծորացնում է Վարուժը:
Աղջիկները հումորով են վերաբերվում Վարուժի սեւեռուն մտքերին. Վարուժը աղջիկներին ասել է, որ Մարթայի ծննդյան օրը՝ սեպտեմբերի 18-ին, կամ էլ մայիսի 1-ին է ուզում մեռնել:
Նուբարաշենի գիշերօթիկ դպրոցում անցկացրած տարիները հետեւում են մնացել, հետեւում են մնացել նաեւ Վարուժին նվիրած 20 տարիները, սակայն ընկերուհիներն ապագայի մասին ծրագրեր դեռ չեն կազմում:
«Քանի Վարուժը կա, մենք ուրիշ բանի մասին մտածել չենք կարող», - ասում է Մարթան
вторник, 13 октября 2009 г.
http://ankakh.com/?p=20257
Автор: bnamard на 16:42
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Комментариев нет:
Отправить комментарий