Էրեբունու քննչական բաժանմունքից Կանաչ շարժման երիտասարդ ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը եւ նրա փաստաբան Նոնա Գալստյանը դուրս եկան մոտ 1,5 ժամ անց: Մարիամը չէր հարցաքննվել, քննիչ Մեսրոպյանը նրան պարզապես տեղեկացրել էր, որ գործով նյութերին ծանոթանալուց հետո նախկինում առաջադրված «Սուտ մատնություն» մեղադրանքը փոխել է «Զրպարտություն» մեղադրանքով:
Կանաչ շարժման երիտասարդ ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը մեղադրվել էր սուտ մատնության համար այն բանից հետո, երբ ընկերների հետ բարձրաձայնել է Նուբարաշենի թիվ 11 գիշերօթիկում կատարված մտահոգիչ երեւույթների մասին, (այդ թվում' սեռական ոտնձգություններ աշակերտների նկատմամբ):
Քր Օր 135 հոդվածի 1-ին մասը / Զրպարտություն / նախատեսում պատիժ մինչեւ երեք տարի կամ տուգանք: Մինչդեռ, նախկին Քր. Օր 333 հոդվածով նախատեսված մեղադրանքը/ Սուտ մատնություն/ կիրառում է ավելի խիստ պատիժ' ազատազրկում առավելագույնը 5 տարով: Մեղադրանքի նման մեղմացումը լրագրողների հետ հանդիպման ժամանակ Մարիամ Սուխուդյանն ու նրա փաստաբանը պայմանավորեցին նրանով, որ գործը հասարակական հնչեղություն է ստացել:
«Երեւի կարծում էին, որ փակ-փակ իրենց գործը կանեն, բայց քանի որ գործը հասարակական հնչեղություն ստացավ' զգացվում է, որ վախեցած են»,-ասաց Մարիամ Սուխուդյանը: Նա, ի դեպ, տեղեկացրեց որ խնդրի բարձրաձայնելուց հետո հայտնվել են այդ գիշերօթիկի նախկին աշակերտուհիները, որոնք եւս վկայել են, որ արդեն 10 տարուց ավելի թե դպրոցի տնօրենը, թե նույն ուսուցիչը իրենց նկատմամբ բռնություններ եւ սեռական ոտնձգություններ են կիրառել:
Փաստաբան Նոնա Գալստյանն էլ նշեց, որ նախաքննության ընթացքում իր պաշտպանյալին հարցաքննել են միայն որպես վկա, գործով լսել են միայն անչափահաս Դիանա Ամիրխանյանի ցուցմունքները: Իսկ երբ ինքը միջնորդել է որպեսզի Սուխուդյանի եւ Ամիրխանյանի միջեւ առերեսում լինի' քննիչը մերժել է ասելով'թե Ամիրխանյանը քաղաքում չէ:
«Մենք կշարունակենք ներկայացնել մեր միջնորդությունները, քանի որ գտնում ենք, որ առ այսօր վարույթն իրականացնող մարմնի կողմից որեւէ գործողություն չի կատարվել, որպեսզի դպրոցում տեղի ունեցած դեպքերը բացահայտվեն, իսկ մեղավորները ենթարկվեն պատասխանատվության»,-լրագրողներին ասաց փաստաբան Նոնա Գալստյանը:
Նշենք նաեւ, որ հանդիպման ժամանակ քննիչը Մարիամ Սուխուդյանին առաջարկել է ընդունել համաներում կիրառելու իր առաջարկը, ինչին աղջիկը բացասական է պատասխանել:
Քննիչը նաեւ տեղեկացրել է, որ գործով նախաքննությունը ավարտվել է, եւ հոկտեմբերի 23-ին Սուխուդյանն ու նրա փաստաբանը հրավիրվել են Էրեբունու քննչական բաժին' գործով նյութերին տեղեկանալու համար:
http://a1plus.am/am/politics/2009/10/21/mariam-sukhudyan
Комментариев нет:
Отправить комментарий