суббота, 3 октября 2009 г.

..ձուլվել երազին, որ կառուցում էինք, երբ դեռ չէինք ծնվել...

Oct. 3rd, 2009 at 4:31 AM

Մենք հանդիպել ենք շատ վաղուց, երբ դեռ չէինք ծնվել /Սարոյանի "Տարեկանի արտում"-ի պես` իմաստուն ու հոգնած հոգիների աշխարհում/: Ու երեւի թե երկար զրուցել էինք, բայց դա իսկապես շատ էրվաղուց … հետո ես լույս աշխարհ եկա: ԼՈՒՅՍ աշխարհ` առանց լույսի, առանց հոսանք` տաք ու բարի: Իրականում ոչինչ էլ չեմ հիշում` ոչ մութը, ոչ ցուրտը, ոչ սեւն ու սպիտակը… հիշում եմ մենակ անափ սպասումը, լույսի-ջրի-լուրի, կռվի-վերքի-երգի սպասումը… մեծերը տխուր էին` իրենց սպասումն էլ էր մեծ, իսկ ես ամեն գիշեր սպասում էի մոմի լույսին, որ առաստաղից կախված ջահի դողացող ստվերը մեծ սարդ հիշեցներ ու վախից կուչ գայի հայրիկի թեւի տակ: Ու հենց դրա համար էր առաստաղից կախված այդ հսկա իրը` ոչ թե որ լույս տար, այլ որ մոմի լույսով սարդ պատկերեր ինձ համար: Ու չգիտես ինչու` միշտ ձմեռ եմ հիշում, վառարան, կրակ, սիրված գրքերի մոխրացող էջեր, մի շունչ տաքություն ու ծնողներիս խենթ հնարքներից, քույրերիս ստեղծած թղթե խաղերից բխող հիացմունք ու անվերջ սպասում… Քիչ ավելի ուշ ծնվեց նաեւ նա, ում հետ զրուցել էի շատ ու շա~տ երկար, երբ դեռ այստեղ չէինք… չեմ հիշում հստակ ինչ էինք մտմտում, բայց գիտեմ հաստատ` երգում էինք ու երազում, թե ինչ պայծառ ենք այստեղ ապրելու` միասին, զվարթ,ամենախելառ ընկեների պես: Ես ավագն էի` մոտ մի տարով մեծ, ու դա իրավունք էր տալիս հպարտանալու, պատասխանատու կեցվածք ստանալու, ուրախանալու նրա սխալներից ու մի~շտ ներելու… Հետո եկավ ժամանակը` ինձ հանձնեցին կանոնավոր կրթության, իսկ նա ընկավ ինչ-որ հատուկ դաստիարակների ձեռքն ու հեռացավ, կորավ հսկա պատերի ետեւում: Մեկ էլ հանդիպեցինք տարիներ անց` Օպերայի շրջակայքում… շատ էր փոխվել. երեւի ես էլ: Մեծացել, գեղեցկացել, մշակվել էր. ես` այնքան էլ չէ: Մի բան հաստատ կարդացի դեմքին. շատ բան էր տեսել, մինչ ես խաղ էի անում, իր գլխով շատ բան էր անցել, կռիվ ու դավ էր անցել: Շատ էր փոխվել: Բայց հարազատ էր, նույն հարազատը: Ու հին ջերմության մղումով ուզեցի մոտենալ ու պինդ-պինդ փաթաթվել, հիշել այն, ինչ եղել էր, երբ դեռ չէինք ծնվել, տեսնել այն, ինչ ուզում էինք ինքներս ստեղծել: Ու տեսնում էի` ինքն էլ էր ուզում փախչել իր կյանքից, թարմանալ, վազել, խենթանալ, սկսել… Բայց հեռու էր թվում, շատ հեռու: Հետո էլ` դաստիարակները, որ այդպես էլ հանգիստ չեն տալիս նրան, շրջապատեցին, սկսեցին նոր դասեր կարդալ, քարոզներ անել. նույնիսկ ես, որ մի տարով մեծ էի, նյարդայնանում էի, իսկ ինքը հլու ականջ էր կախում: Թողեցի հանգիստ: Որ մի քիչ հետո, էլի նույն տեղում էլի հանդիպեմ` ու էս ժամանակ նրան գտնեմ էնքան զայրացած ու անհանդուրժող, էնքան քաոտիկ ոգեւորությամբ, որ մի պահ ես էլ, բոլորի նման, խելքս կորցրած, հոսանքը մտնեմ: Խելառ էր կտրել, էլ չէր համբերում, ինքն իրեն կռվում ու փրփրում էր, ինքն իրեն դավում ու բանադրում էր… ուզում էի օգնել, բայց անհնար էր. շունչը կտրվում, ձայնը ծղրտում ու լուռ հատում էր… ու փախա հեռու: Վախից չէր, թեեւ վախենում էի շատ. ուղղակի պետք էր, մարդիկ էլ մի պահ շունչները պահած մի կողմ քաշվեցին ու նկատեցինք` սկսեց հանդարտվել: Լուռ հետեւում էի ապաքինմանը` դանդաղ էր, հատու, բայց լավանում էր: Խնդում էր, հազում ու ծերանում էր: Ինձնից էլ փոքր` դեռ նոր չափահաս, արդեն հիվանդ է. ինչ-որ նյարդային, ինչ-որ հոգեկան սպի է ձեռք բերել, որ էլ չի անցնում: Բոլորն էլ գիտեին` հանգիստ էր ուզում, թեեւ լռում էր, արեւ էր ուզում` ստվերում մրսում էր, բայց ձայն չէր հանում, դեռ պայքարում էր ինքն իր դեմ, իր հետ, իր համար, իր մեջ…բոլոր կողմերից ձեռքեր են մեկնվում` նրանից մասնիկ պոկել-տանելու, նրան տանջելու ու ջլատելու: Ես` հեռվում, հեռվից ուզում եմ նրան պինդ, շատ պինդ գրկել, ձուլվել երազին, որ կառուցում էինք, երբ դեռ չէինք ծնվել, ճախրել միասին դեպի արեւը` նոր ապագայի` իմ ու ինձնից էլ փոքր իմ երկրի, որի հետ հազար նոր օր եմ սկսել, իրար հետ քայլել ու պար ենք եկել, իրար հետ արեւ-անձրեւ ենք տեսել, ծիածաններ ենք գծել իրար հետ, իրար կառուցել, քար-քարի դրել ու բնակվել ենք մեկս մյուսիս մեջ… ուզում եմ լինել իմ փոքր երկրի` դեռ նոր չափահաս, վաղվա նոր սկիզբը` նոր արեւներով, խաղաղ ու վստահ ու լի հավատով, անչար բողոքով, անվերջ երազով, որ գիտեմ, գիտեմ, մի օր կլինի իմ ու իմ երկրի` ինձ հետ մեծացած, իմ ընկերների, իմ ծառի, քարի ու իմ քաղաքի ներկան` իրական ու շոշափելի, արեւոտ ու պինդ, աստղոտ ու ազատ. ես մեծացել եմ իմ փոքր երկրի ձեռքն ամուր բռնած ու այդ ե’ս գիտեմ, եւ ոչ ուրիշը, թե ինչ է ուզում իմ տասնութամյա խելառ երկիրը…

…Ես հեռացել եմ իմ ընկեր -երկրից, որ շատ շուտով գամ ու վերագտնեմ իմ մանկությունը իմ երկրի սիրած արեւների տակ, իմ խենթությունը իմ երկրի արագ գետակների հետ ու ազատ կամքս` իմ երկրի` հենց ինձ պատկանելու մեջ:
Tags:

armenia

http://rain-boo.livejournal.com/3182.html

1 комментарий:

Պատահական անցորդ комментирует...

Շնորհակալ եմ, այսքան մեծ հաճույք պատճառելու համար... անչափ գեղեցիկ էր գրված: