Երիտասարդ ակտիվիստ Մարիամ Սուխուդյանին առաջադրած մեղադրանքը դատարան չհասավ, քանի որ գործը հսկող դատախազ Գրիգորյանն այն հետ է ուղարկել նախաքննական մարմնին` Էրեբունու քննչական բաժին: Մարիամի պաշտպան Նոնա Գալստյանը գործի նյութերին ծանոթանալուց հետո բողոք էր գրել քաղաքի դատախազին եւ չորս միջնորդություն էր ներկայացրել, որոնցից 2-ն արդեն ընդունվել են, իսկ 2-ի քննությունը հետաձգվել է:
«Բոլոր թերությունների մասին տեղյակ էինք պահել քաղաքի դատախազին մեր բողոքում, իսկ երկուշաբթի օրը ներկայացրել էինք միջնորդություններ` պահանջելով որպես ապացույց ճանաչել դպրոցի նախկին սաներ Դ.Ա.-ի հեռախոսազրույցի ձայնագրությունը եւ Հ.Ս.-ի տեսագրությունը: Երկու միջնորդություններն էլ ընդունվել է քննիչի կողմից»,- «Հետքին» տված հարցազրույցում ասաց փաստաբան Նոնա Գալստյանը:
Մարիամի պաշտպանը նաեւ միջնորդել էր դադարեցնել քրեական հետապնդումը երտասարդ ակտիվիստի նկատմամբ, քանի որ գործի նյութերով նրա մեղքը չի ապացուցվել Մեկ այլ միջնորդությունով պաշտպանը պահանջել է լուծել Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի նախկին ուսուցիչ Լեւոն Ավագյանին քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը, քանի որ գործով հիմնավորվել է, որ նա իրականում կատարել է սեռական ոտնձգություններ աշակերտուհիների նկատմամբ:
«Այս երկու միջնորդությունների քննությունը դեռեւս հետաձգվել է, քանի որ քննիչը համայնքի դատախազությունից ցուցում է ստացել մի շարք գործողություններ կատարելու վերաբերյալ, դա նշանակում է, որ նախաքննությունը վերսկսվելու է»,- ասաց Նոնա Գալստյանը:
Փաստաբանը նշում է, որ Մարիամ Սուխուդյանի մեղադրանքը չի կարող հիմնավորված համարվել, քանի որ նրա եւ դպրոցի նախկին սան Դ.Ա.-ի միջեւ առերես հարցաքննություն չի կատարվել, իսկ մեղադրանքն առաջադրված է եղել միայն Դ.Ա.-ի ցուցմունքներով:
Հիշեցնենք, որ վերջինս քննիչներին հայտնել է, թե նախքան իրեն տեսանկարահանելը Մարիամ Սուխուդյանն առանձնացել է իր հետ եւ սովորեցրել կեղծ տեղեկություններ հայտնել ուսուցիչ Լեւոն Ավագյանի մասին, մասնավորապես` թե ինչպես է ուսուցիչը սեռական բռնությունների ենթարկել իրեն եւ մի քանի այլաշակերտուհիների:
Մինչդեռ երիտասարդ ակտիվիստները, ինչպես նաեւ «Հետքի» լրագրող Լենա Նազարյանը, որոնք Մարիամի հետ են եղել այդ օրը, իրենց ցուցմունքներում պնդել են, որ Մարիամը տեսագրությունից առաջ չի առանձնացել Դ.Ա.-ի հետ եւ նրան ոչինչ չի սովորեցրել:
«Բացի այդ` երկու ուսուցիչներ իրենց ցուցմունքներում նշել են, որ Դ.Ա.-ն իրենց պատմել է Լեւոն Ավագյանի կատարած ոտնձգությունների մասին, այն ժամանակ, երբ Մարիամը դեռ չէր տեսանկարահանել աղջկան, այսինքն` Դ.Ա.-ն այդ մասին ուսուցիչներին հայտնել է ավելի վաղ, քան Մարիամը կարող էր սովորեցնել նրան, ուստի Մարիամին առաջադրած մեղադրանքն անհիմն է,- ասում է փաստաբան Նոնա Գալստյանը:,- Լայն լուսաբանումը եւս իր արդյունքն ունեցավ, որովհետեւ քննիչը պատրաստ էր գործը դատարան ուղարկել, սակայն դատախազը գործը հետ ուղարկեց, սա նշանակում է, որ իրենց համակարգում եւս ընդունում են, որ գործը թերի է, սա հազվադեպ է պատահում»:
Իսկ Մարիամ Սուխուդյանը «Հետքի» հետ զրույցում հույս հայտնեց, որ ոչ միայն իր մեղադրանքը կվերացվի, այլեւ բոլոր մեղավորները պատասխանատվության կենթարկվեն. «Չափազանց կարեւոր է, որ պատժվեն երեխաների նկատմամբ բռնություններ գործադրած անձինք, որպեսզի մյուս ուսուցիչներն ու տնօրենները զգաստանան, եւ նման բան այլեւս չկրկնվի»,- ասաց երիտասարդ ակտիվիստը:
http://hetq.am/am/society/nubarashen-school-2/
Комментариев нет:
Отправить комментарий