понедельник, 23 ноября 2009 г.

ԿԱԴՐԻՑ ԴՈՒՐՍ


Նոյեմբերի 14-ին Թեղուտի պաշտպանության շարժումից երկու երիտասարդներ մասնակցեցինք Vallex Group-ի կազմակերպած միջոցառմանը` ծառատունկ, Թեղուտի մշակութային հուշարձանների դիտում, <Թեղուտ. զավակների հացը> ֆիլմի դիտում և քննարկում: Մեզ հիմնականում հետաքրքրում էր ֆիլմի քննարկումը մասնակցելը, քանի որ սա հնարավորություն էր` ուսանողներին ներկայացնելու ACP-ի տեսակետից տարբերվող, հակադիր կարծիքներ և փաստարկներ: 

Փաստորեն, այդ օրվա ծրագրին մասնակցող 120-140 ուսանողների մեծ մասը սովորում էին հանքերի, բնական ռեսուրսների շահագործման ու նման մասնագիտություններ, այսինքն արդեն մասնագիտության բերումով ինչ-որ չափով հանքերի շահագործումը դրական ու տնտեսություն զարգացնող ճյուղ են ընկալում:

Բացի այդ, Vallex-ը իհարկե շատ լավ PR ունի` ցույց է տալիս ու բացատրում է երիտասարդներին, թե ինչ ժամանակակից տեխնոլոգիաներով են իրենք աշխատում/աշխատելու, ինչ լավ գործ են անում, որ աշխատանք են տալիս տեղի աղքատ գյուղացիներին և այլն: Իհարկե ընդունում են, որ բնապահպանական վնասներ լինելու են, բայց բացատրում են, որ դա անխուսափելի է, այսինքն` ուզում ենք տնտեսությունը զարգացնել, դե մի քանի ծառ էլ թող կտրվի, բան չկա – սա է Vallex-ի մոտեցումը, որը լավ մտել է նաև գյուղացիների գլուխը և մասամբ էլ ուղանողների գլուխը:


Ֆիլմի քննարկմանը նաև Շնողից երկու գյուղացիներ էին եկել, որոնք հրաժարվում են իրենց հողերը հանքի համար վաճառել, ու իրենց օրինակով պատմեցին հողերը ձեռք բերելու համար գյուղացիների վրա գործադրվող ճնշումների ու անարդարությունների մասին:

Մի քանի կարևոր բաներ, որ քննարկման ժամանակ խոսել ենք.

Հարց ու պատասխանի հենց սկզբում ուսանողների վրա շատ ազդեց մեր տված հետևյալ հարցի պատասխանը` թե հողի քառակուսի մետրի համար քանի դրամ են վճարել գյուղացիներին. պատասխանեցին` 70-150 դրամ: Արդեն մնացած արդարացումները, թե գյուղում գինը դա է և այլն, անիմաստ էին, արդեն պարզ էր ինչ զավթում է տեղի ունեցել, մանավանդ որ Vallex-ի ներկայացուցիչն էլ ասաց, թե այդ հողերի 80%-ը ձեռք էին բերել դեռ մինչև կառավարության որոշումն ու ծրագրի հաստատումը: 

Խոսեցինք նաև այն մասին, թե ինչպես է հանքն ու մշակումն ազդելու մարդկանց առողջության վրա. Ալավերդու օրինակն ունենք, որը հենց Vallex-ն է տնօրինում և որտեղ անցյալ 10 տարիների ընթացքում հիվանդությունների մեծ աճ է գրանցվել, անոմալ ծնունդների թվով Ալավերդին Հայաստանի էպիկենտրոնն է, իսկ Հայաստանն էլ ԱՊՀ տարածքում 2-րդ տեղն է գրավում: 

Նեկայացրեցինք նաև այն օրենքները, միջազգային կոնվենցիաները և սահմանադրության հոդվածները, որոնց հիման վրա ՀՀ կառավարությունը դատի է տրվել հասարակական կազմակերպությունների կողմից: Նաև հայտարարեցինք, որ նույն օրը Վճռաբեկ դատարանը բեկանել է Վարչական դատարանի վճիռը ու Թեղուտի մասին հայցը պիտի քննվի դատարանում: Սա շատ կարևոր է, քանի որ նույնիսկ եթե Հայաստանի դատական ատյաններում հայցը չբավարարվի, հնարավորություն կա դիմելու Եվրոպական դատարան:

Խոսվեց նաև, որ այն երկրներում, ու օրենսդրական և հասարակական վերահսկողության մեխանիզմները թույլ են, հանքահանությունը չի կարող օգուտ տալ, օրինակը` Աֆրիկայի և Միջին Ասիայի երկրների օրինակները, որտեղ հարուստ բնական պաշարների շահագործումից օգուտներ քաղեցին օտարերկրյա ու մասնավոր ընկերությունները, իսկ ժողովուրդները շարունակում են ծայրահեղ աղքատության մեջ ապրել, բացի այդ էլ ծայրահեղ բնապահպանական ու առողջապահական աղետների առջև են հայտնվել: Իհարկե, ACP-ի ներկայացուցիչը նշեց, թե մենք պիտի համեմատվենք եվրոպական երկրների հետ, և որ արևմտյան զարգացած պետությունների տնտեսությունը նույնպես ժամանակին լեռնահանքայի արդյունաբերությամբ է զարգացել: Այնտեղ այլևս առիթ չեղավ պատասխանելու, բայց եթե ուզում ենք եվրոպական երկրների հետ համեմատվել, ուրեմն ասեմ, որ օրինակ Նորվեգիան, որը նավթ է արդյունահանում, նույնպես մասնավորեցրել է այս ոլորտը, բայց այնտեղ կառավարությունը խստագույն նորմեր է դրել մասնավոր ընկերությունների վրա, միայն բնապահպանական խախտումների համար վճարները մոտ 1000 անգամ գերազանցում են ACP-ին վերապահված վճարներին, պետական բյուջե մուծվող հարկերը 40%-ից ավել են, իսկ ստացվող եկամուտն էլ հիմա չի օգտագործվում, այլ մտնում է հատուկ պահուստային ֆոնդ, որը պիտի ծախսեն ապագա սերունդները, երբ երկիրը այլևս նավթ չի ունենա: Դե հիմա եկեք համեմատվենք Եվրոպայի հետ: Ինչ վերաբերվում է նախկինում նրանց ունեցած լեռնահանքային արդյունաբերությանը, չմոռանանք, որ դա 19-20-րդ դարերում, արդյունաբերական ժամանակաշրջանում էր, երբ մարդկությունը բնապահպանական գիտակցություն չուներ, երբ խիստ չարաշահվում էր մարդկային աշխատուժը, և այլն, և այլն... 

Vallex-ին որպես բարեգործ նայելը նվազագույնը միամտություն է. սա օտարերկրյա մասնավոր ընկերություն է և ունի մեկ հիմնական նպատակ` նյութական շահույթ ստանալը: Բնապահպանություն, մարդկանց առողջություն, կենդանական ու բուսական աշխարհ, իրավունքներ... այս ամենը նման տիպի ընկերություններին` Vallex լինի թե Nike թե ուրիշ, չի հետաքրքրում: Մենք իրենց վրա ազդեցության մեխանիզմներ էլ չունենք, մենք կարող ենք պահանջատեր լինել միայն մեր կառավարությունից, որն էլ հաստատել է նման հանցագործ ծրագիրը և որի վնասներն առնվազն մի քանի հարյուր անգամ գերազանցում են օգուտները: 

Չնայած Թեղուտի հանքահանության ծրագիրը հանրային շահ է հռչկվել, սակայն մինչև օրս ՀՀ կառավարությունը խուսափում է անկախ փորձաքննություն անցկացնելուց, այնինչ այդ մասին վարչապետի հետ պայմանավորվածություն էր ձեռք բերվել դեռ 6 ամիս առաջ: Իսկ Թեղուտի պաշտպանության խումբը 10 օրում 5000 ստորագրություն է հավաքել առ այն, որ Հայաստանի բնակիչները դեմ են այս ծրագրի իրականացմանը և պահանջում են ՀՀ նախագահից ու կառավարությունից անմիջապես կասեցնել այն: 

Պարզվեց, որ Vallex-ը ծրագիր ունի նաև հանքի տարածքում տուրիստական գոտի բացել: Միայն պատկերացնենք, թե պոչամբարի թունավոր թափոնների հետևանքով ինչ վիճակում են լինելու այդ շրջանի հողը, օդը և ջուրը – այստեղ տուրիստական գոտի բացելը նման կլինի Չեռնոբիլում տուրիզմ զարգացնելուն:

Ուսանողների կողմից շատ լավ հարցեր եղան: Օրինակ, մի տղա ասաց` մեզ դպրոցում սովորեցնում են, որ հայրենի հողում ապրենք, տեր կանգնենք մեր երկրին, իսկ հիմա փաստորեն մարդկանց ձեռքից հողը առնում եք ու ստիպում եք որ իրենց հողերը վաճառեն ու գնան ուրիշ հողերի վրա աշխատեն: 

Մեկ ուրիշ հարց եղավ, որ` չի բացառվում, որ մի քանի տարի անց Vallex-ը կուզենա հանքն ավելի ընդլայնել` ինչ է լինելու մնացած գյուղացիների վիճակը, մարդկանց պիտի ստիպեն իրենց տներից թողնել հեռանալ: 

Մեկը ասաց, որ փոխանակ պղնձի խտանյութ արտահանելուն, ավելի լավ է ավելի բարձ տեխնոլոգիաներ ստանալու համար պղինձը օգտագործեն և եթե չեն կարողանում հիմա դրան հասնել, նման վիճակով պետք չէ ընդհանրապես այս հանքը շահագործել:

Քննարկումից հետո շատերը մոտեցան և Թեղուտի պաշտպանության շապիկներից ու սոսնձվող նշաններից վերցրին, շատերը մոտեցան տարբեր հարցերով, նույնիսկ նրանք, որ մի քանի ժամ առաջ մեծ կատաղությամբ պաշտպանում էին հանքը և մեզ գրանտակեր կազմակերպություններ էին հռչակում, լրիվ այլ տրամադրվածությամբ մեզ հետ խոսեցին միջոցառման վերջում:

Vallex-ի աշխատողներից ոմանք էլ մոտեցան, բայց նրանք կարծես չեն ուզում հավատալ կամ ուղղակի մխիթարում են իրենց, որ իրենց արած գործն այդքան էլ վատ չէ, այնինչ իրականում նույն փող կուտակող, մարդասպան ու բնասպան մեքենային են իրենք ծառայում. ինչքան էլ ասեն, որ Հայաստանը սիրում են ու հայ մարդու համար են այս գործն անում, ի վերջո ծառայում են մի ծրագրի, որով Հայաստանի մի շրջանը շուտով դատարկվելու է, քանի որ մաքուր օդ չենք կարողանալու գնել, ջուրը և հողը կաշառքով կամ համոզելով չեն մաքրվելու:


 

Комментариев нет: