Պիտի պարտադրե՞ն, որ կատարենք
Օրերս ՀՀ վճռաբեկ դատարանը բեկանել է բնապահպանական ՀԿ-ներին Թեղուտի հանքավայրի գործում ոչ պատշաճ հայցվոր ճանաչելու ու հայցի քննությունը մերժելու վարչական դատարանի վճիռը, բայց պարզվում է՝ ոչ իր բարի կամքով:
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ բնապահպանական խնդիրներով զբաղվող երեք հասարակական կազմակերպություն դիմել էին դատարան՝ վիճարկելով այն վարչական ակտերը, որոնց արդյունքում Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրը հանձնվել էր շահագործման "Արմենիան քափր պրոգրամ" ընկերությանը՝ "Վալեքսին": Դատարանում ՀԿ-ների հայցը ներկայացնող փաստաբան Հայկ Ալումյանն ասում է. "Սկզբից եւեթ ակնհայտ էր, որ իշխանական ճնշումներ լինելու էին դատարանի վրա, որպեսզի հայցը մերժվի: Մենք պատրաստ էինք հստակ փաստարկներով կոտրել դիմադրությունը եւ հուսով էինք, որ կշահենք, բայց վարչական դատարանն ակնհայտ ապօրինի որոշում կայացրեց ու 2009-ի հուլիսի 9-ին մերժեց հայցադիմումի ընդունումը, պատճառաբանելով, թե ՀԿ-ները պատշաճ հայցվոր չեն: Վարչական դատարանի հայցից ազատվելու ձեւից պարզ երեւում էր, որ վճիռը նախապես կայացված էր, հավանական չէր, որ դատավոր Արթուր Առաքելյանը սեփական կամքով նման վճիռ կայացներ: Ինչեւէ, վճիռը բողոքարկեցինք: Վարչական դատարանը արդեն երեք դատավորի կազմով քննեց բողոքը եւ որոշեց վճիռը թողնել անփոփոխ": Կան գործեր, որոնց վերաբերյալ վճիռները կայացվում են ոչ միայն դատական եռաստիճան բուրգի գագաթում, այլեւ դրանից էլ վեր կանգնած ուժերի թելադրանքով՝ համոզված է փաստաբանը. "Մեզ համար այլեւս պարզ էր, որ սա այդ դեպքն էր, ու որոշեցինք վճռաբեկ դատարան դիմելուն զուգահեռ դիմել նաեւ Օրհուսի կոնվենցիայի նորմերի համապատասխանության կոմիտեին": Դիմումում բնապահպանները նշել էին, որ իրենք զրկվել են բնապահպանական հարցերով դատարան դիմելու հնարավորությունից: Օրհուսի կոմիտեն քննարկման է ընդունել հաղորդումը: Հայկ Ալումյանը պարզաբանում է, որ դա նշանակում է, որ Հայաստանը հանդիսանում է միջազգային մակարդակով Օրհուսի կոնվենցիան խախտող պետություն՝ արդարության մատչելիության սկզբունքը խախտելու իմաստով:
"Ես համոզված եմ՝ դա էր պատճառը, որ մինչեւ կոմիտեի որոշում կայացնելը վճռաբեկ ատյանը բեկանեց վճիռը, որպեսզի հիմք չթողնի կոմիտեին Հայաստանին ճանաչելու Օրհուսի կոնվենցիան խախտող երկիր",- ասում է Ալումյանը
http://hraparak.am/hodvac.php?h_id=3888
Комментариев нет:
Отправить комментарий