пятница, 13 ноября 2009 г.

WWW.ECOLUR.ORG


Կրկին Երեւանում ծառ են կտրում: Ահազանգը հնչեցնում են Երեւանի տարբեր համայնքներում ապրող քաղաքացիները: Խոսքը բոլոր երեւանցիներին հայտնի ծառերի խորը էտման մասին է, որի դեմ հանդես են գալիս մասնագետները, բուսաբանները, էկոլոգները: «Դա հանցագործություն է: Ծառերը չեն կարողանում նորմալ զարգանալ: Հզոր արմատային համակարգը զրկվում է տերեւներից, խախտվում է ծառի սնուցման հավասարակշռությունը: Արդյունքում ծառը փորձում է կենդանի մնալ, բայց հնարավոր է՝ չկարողանա հաղթահարել դիսբալանսը եւ կարող է նույնիսկ մահանալ»,- ասում է ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող, կենսաբանական գիտությունների թեկնածու Անուշ Ներսիսյանը: Եւս մեկ կարեւոր մանրամասնություն՝ կտրուկ նվազում է քաղաքի կանաչ զանգվածը, որը պաշտպանում է տրանսպորտի թունավոր արտանետումներից եւ փոշուց:

Նշենք, որ կանաչ Երեւանին նվիրված տարբեր հանդիպումների եւ միջոցառումների ժամանակ էկոլոգները բազմիցս կարծիք են հայտնել, որ խորը էտման իրական պատճառն այն է, որպեսզի տարածք ազատվի գովազդային վահանակների համար, որոնք Երեւանում լիքն են: Սակայն, պաշտոնական մակարդակով այդ կարծիքը բազմիցս հերքվել է:

Լուսանկարներում կարելի է տեսնել սույն թվականի նոյեմբերի 10-ին Գյուլբենկյան փողոցի ծառահատման դեպքերը:

Комментариев нет: